Իսրայելը 6 ժամով տարհանման միջանցք է բացել Գազայի հյուսիսում գտնվող խաղաղ բնակչության համար

Իսրայելը 6 ժամով տարհանման միջանցք է բացել Գազայի հյուսիսում գտնվող խաղաղ բնակչության համար

Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածի հյուսիսում նորից միջանցք է բացում՝ քաղաքացիական անձանց՝ հարավ տեղափոխման համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խոսնակի գրառումը X սոցիալական հարթակում։  

Ադրային հայտնել է, որ Սալահ ալ Դին ճանապարհով դեպի հարավ միջանցքը բացվել է ժամը 10։00-ից մինչև 16։00-ը՝ 6 ժամով, մինչդեռ նախորդ օրերին միջանցքը բացվում էր 4 ժամով։

Ըստ խոսնակի՝ նոյեմբերի 8-ին Գազայի հատվածի հյուսիսից հարավ է անցել մոտ 50 000 բնակիչ։ Ավիչայ Ադրային հայտնել է, որ Գազայի բնակիչները պետք է օգտվեն միջանցքի բացումից՝ սեփական անվտանգության նկատառումներով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։  

Տարբեր երկրներ կոչ են արել Իսրայելին հումանիտար հրադադար հայտարարել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վկայակոչելով The New York Times-ը, Կատարի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԱՄԱՍ-ն ազատ արձակի մինչև 15 պատանդների՝ հումանիտար հրադադարի դիմաց, որը թույլ կտա Գազայի հատված մարդասիրական օգնություն մատակարարել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում