Տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին և հարվածներ հասցրել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր «Վազ 21104» մակնիշի` որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով, Սևան քաղաքի տարածքում առկա գազալցակայանում հանդիպել է Վարդենիս քաղաքի 44-ամյա բնակիչին և տեղեկանալով Վարդենիս մեկնելու վերջինիս ցանկության մասին՝ առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց նրան տեղափոխել: Ճանապարհին մտնել են Սևան քաղաքի հարակից տարածքում գտնվող ռեստորան, որտեղ 44-ամյա տղամարդը 15000 ՀՀ դրամ գումար է տվել վարորդին՝ տաքսի ծառայության մատուցման և սննդի համար։ Ժամը 15։30-ի սահմաններում, հասնելով Դրախտիկ գյուղին հարակից տարածք, նշված տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին, հարվածներ հասցրել որովայնին և որպես զենք օգտագործվող առարկան կոկորդին սեղմելով՝ պահանջել գումար և վերցնելով տղամարդու դրամապանակում առկա ամբողջ գումարը՝ դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Նախաքննություն ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը: Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ