Ուշ ժամի հրավառություն իրականացրած օտարերկրացիները ձերբակալվել են
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Այգեձոր փողոցից նկատել է մոտակայքում իրականացվող հրավառություն։
Պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում պարզվել է, որ ուշ ժամին հրավառությունը կազմակերպվել է Լենինգրադյան փողոցում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։
Ժամը 02:30-ին նրանք հայտնաբերվել են ու ձերբակալվել։ Հայտնաբերվել է նաև հրավառության արկղը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը լռությունը խախտելու համար սահմանում է տուգանքի նշանակում՝ մինչև 1․000․000 դրամի չափով։
ՆԳՆ ոստիկանությունը կրկին զգուշացնում է լռության ժամին չիրականացնել հրավառություններ՝ հարգելով համաքաղաքացիների անդորրն ու անվտանգությունը։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է հետևողական պայքարը գիշերային ժամերին լռությունը խախտողներին, հրավառությունների պատվիրատուներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Կարծիքներ