Ինչպես է սթրեսի հորմոնը կապված քրոնիկ բորբոքման հետ
Սաարա համալսարանի գիտնականները իմունային համակարգում հայտնաբերել են մեխանիզմներ, որոնք նպաստում են քրոնիկ բորբոքման զարգացմանը: Ըստ գիտնականների՝ կորտիզոլ հորմոնի եւ սպիտակուցի ցածր մակարդակը, որը հայտնի է որպես GILZ, կարող է առաջացնել քրոնիկ բորբոքային ռեակցիաներ, որոնք, ինչպես հայտնի է, վնասակար են առողջության համար, հայտնում է Medical Express-ը:
Գիտնականների խոսքերով՝ բորբոքային պրոցեսը ինքնին կապված է կորտիզոլի արտադրության ծավալների տարիքային նվազման հետ: Կորտիզոլը եւ դրա կորտիզոն ոչ ակտիվ տեսակը, որոնք սովորաբար կոչվում են սթրեսի հորմոններ, արտադրվում են մակերիկամների կողմից: Կորտիզոլը գործում է որպես կենսաքիմիական ազդանշանային մոլեկուլ եւ մասնակցում է նյութափոխանակության բազմաթիվ գործընթացներում: Ինչպես պարզվել է, կորտիզոլի անբավարարությունը հանգեցնում է բորբոքային ռեակցիայի:
Գիտնականները ապացուցել են, որ օրգանիզմում շիճուկային կորտիզոլի մակարդակը տարեցների մոտ ցածր է: Բացի այդ, մակրոֆագները՝ իմունային բջիջների կարեւոր տեսակները, կարող են փոխակերպել ոչ ակտիվ կորտիզոնը ակտիվ կորտիզոլի, սակայն այդ ունակությունը թուլանում է տարիքի հետ: Գիտնականները այս երեւույթը անվանել են մակրոծերացում:
Մակրոֆագները շատ կարեւոր դեր են խաղում իմունային համակարգում՝ նրանք օգտագործում են ազդանշանային մոլեկուլները՝ վերահսկելու այլ իմունային բջիջները եւ կարեւոր դեր են խաղում մեր օրգանիզմի բորբոքային ռեակցիայի աստիճանը որոշելու մեջ:
Սակայն ծերացման հետ մակրոֆագների գործառույթը խախտվում է, ինչը կարող է հանգեցնել բորբոքային ազդանշանային մոլեկուլների թվի աճի:
GILZ սպիտակուցը մասնակցում է մակրոֆագների բորբոքային ռեակցիայի անջատմանը, իսկ կորտիզոլը մասամբ մասնակցում է դրա մակարդակների կարգավորմանը: Կորտիզոլի ցածր մակարդակը ստիպում է մակրոֆագներին ավելի քիչ GILZ արտադրել: Սա նշանակում է, որ մակրոֆագները պարզապես շարունակում են արտադրել բորբոքային ազդանշանային մոլեկուլներ:
Գիտնականների խումբը պարզել է, որ տարեց մարդկանց մոտ GILZ-ի մակարդակը իսկապես ավելի ցածր է, իսկ քրոնիկ բորբոքումների մակարդակը՝ ավելի բարձր:
Կարծիքներ