Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը
Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է La Croix-ում հրապարակված հոդվածում:
Լուազոն արձանագրել է, որ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը կամ Մատաղիսում վանդալիզմի ենթարկված Սուրբ Եղիշեն: «Ամեն օր ոչնչացվում են հուշարձաններ կամ գերեզմաններ: Կան բոլոր հիմքերը վախենալու, որ այս ոչնչացումը շարունակվելու է և մեծ թափ ստանա»,- գրել է եվրապատգամավորը՝ հիշեցնելով Նախիջևանում հայկական եկեղեցիների ու տապանաքարերի ոչնչացումը, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն ամբողջությամբ հողին հավասարեցնելը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այսօր արվող հայտարարություններն արդեն հուշում են, թե ինչ կարելի է ակնկալել. օրինակ, Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենը հույս էր հայտնել, որ «Արցախի բոլոր եկեղեցիները կավերվեն»: Իսկ նախագահ Ալիևը կոչ էր արել եկեղեցիներից հեռացնել հայկական արձանագրությունները՝ խեղաթյուրելով պատմությունն ու հայտարարելով, թե դրանք «Կովկասի ալբանացիների շենքեր են»:
Եվրախորհրդարանի պատգամավորը փաստել է, որ այս իրավիճակում միջազգային հանրությունը, փոխանակ անի առավելագույնը մշակութային ժառանգության պահպանման համար, անտարբերություն է դրսևորում: Մինչդեռ ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտման մաս է:
«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի համընդգրկուն գործողություններ իրականացնենք և ավելի մեծ վճռականություն ցուցաբերենք, բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու ելքերը դեպի Ղարաբաղ պետք է բաց լինեն, ականազերծումը պետք է ավարտին հասցվի: Այս ամենի համար հարկավոր է ուժեղ միջազգային ներկայություն»,- նշել է Լուազոն՝ հավելելով, որ այս տարածքի ճակատագիրը չի կարելի թողնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքերում, որը վերջին հակամարտությունում ցույց տվեց, որ կողմնակից չէ խնդրի հավասարակշռված ու խաղաղ կարգավորման:
«Այս ամենը ժամանակ կխլի: Սակայն Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին միջամտել Ադրբեջանին: Կոչ եմ անում Եվրամիությանն օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի»,- գրել է Լուազոն: Նա դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին:
«Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն»,- եզրափակել է եվրապատգամավորը:
Կարծիքներ