Այգեգործության զարգացման նպատակով կարևորվում է տեղական տնկիների արտադրությունը
Ժամանակակից ինտենսիվ այգիների և հատապտղանոցների ծավալների շարունակական աճն անհրաժեշտություն է առաջացրել Հայաստանում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 3-ի ԱԺ նիստում:
Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սերմերի եւ տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
«Հայաստանում գյուղատնտեսության եւ, մասնավորապես, այգեգործության արդյունավետ զարգացման նպատակով կարեւորվում է տեղական տնկիների արտադրությունը, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաեւ հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար»,- ընդգծել է զեկուցողը:
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել նաև լրացումներ կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` նախատեսելով տուգանքներ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերում:
Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն, որով պետական տուրք կսահմանվի տնկանյութի հավաստագրի տրամադրման համար:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են կարգավորվելու գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ համարվող սորտերի եւ հիբրիդների գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքերը:
Զեկուցողը նշել է, որ դրանք կսահմանվեն Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կարգավորման վերաբերյալ օրենքի նախագծում: Նախաձեռնությունը Կառավարությունում քննարկվելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարան:
Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:
Կարծիքներ