Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» իրազեկման արշավ
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային իրազեկման արշավը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, իրազեկման հիմնական նպատակն էր՝ զերծ մնալ վնասակար սովորություններից, հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի նկատմամբ, խրախուսել առողջ սննդի պատրաստումն ու օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Վարդենիսում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի համայնքապետարանի, համայնքի դպրոցների միջոցով։
Ներկաներին ողջունել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ընդգծել իրազեկման արշավի կարևորությունը ոչ միայն նման միջոցառումների կազմակերպմամբ, այլ նաև՝ առօրյա կյանքում։
Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով, առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով։ Արշավին միացել են Վարդենիս համայնքի դպրոցականները, նրանց ծնողները, ուսուցիչներ, առողջապահական հիմնարկների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։
Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններին վերաբերող տեղեկատվություն և իրազեկման թերթիկներ։
Հանրությանը տեղեկացվել է տարեկան սքրինինգների անհրաժեշտության մասին, շնորհալի դպրոցականների ուժերով կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։
Կարծիքներ