Երկաթուղային կայարանում բացվել է «Քեզ համար, Երևան» ֆոտոցուցահանդես
Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մեր մայրաքաղաքի օրվան նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունից, լուսանկարներում պատկերված է քաղաքի համայնապատկերը, որը ներկայացնում է Երևանը նորովի, ու յուրաքանչյուր դիտող նրանում կարող է ինչ-որ նոր բան տեսնել:
Հեղինակի խոսքով՝ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»:
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Կարծիքներ