Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում․ շինարարությունը կարժենա 250 մլն եվրո
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։
Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում:
Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, երկարությունը կլինի մոտ 30 կիլոմետր՝ ներառյալ 11 կամուրջն ու անցումները։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։
Հրամանի տեքստից կարելի է եզրակացնել, որ մի քանի հողատերեր հրաժարվել են այն վաճառել կամ չեն համաձայնել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։ Հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի, գույքի բռնագրավումը թույլատրվում է հանրային հրատապ կարիքների դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։
Հրամանում նշվում են Մառնեուլի շրջանի երեք սեփականատիրոջ անուն, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերն անհրաժեշտ են ճանապարհի կառուցման համար՝ Վանո Գոմիաշվիլի, Ռենատ Քերիմով և Նաիբ Ամիրովը:
Կարծիքներ