Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել
Հարավային Կորեայի Հվասոն քաղաքի լիթիումի կուտակիչների գործարանում բռնկված հրդեհից առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում 20 օտարերկրացիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին։
Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մեկ հոգի անհետ կորած է, նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։
Կա նաև 8 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը ծանր է։
20 օտարերկրացիներից 18-ը Չինաստանի քաղաքացիներ են։
Հրդեհը Aricell ընկերության գործարանում սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին (Երևանի ժամանակով 05:30-ին)։ Հրշեջները մարել են հրդեհը տեղական ժամանակով ժամը 15:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով 10:10-ին) և սկսել են որոնումները շենքի ներսում:
Մասնագետները նշել են, որ հրդեհի ժամանակ կուտակիչների պայթյունները հանգեցրել են կրակի տարածմանը, ինչը բարդացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը և խոչընդոտել աշխատողների որոնումներին։ Գործարանում եղել է մոտ 35 000 մարտկոց:
Կարծիքներ