Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ
Սեպտեմբերի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարված քաղաքացիներ կան:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00–ի սահմաններում, Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:
Մինչ ոստիկաններն ու քննիչները որոնել են Արսեն Մ.-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթուր Ս.-ն «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք վնասվածքով», իսկ Միհրան Ք.-ն «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են իրենց մոտ:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներն աշխատում են «Կալիֆորնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:
Կարծիքներ