Զախարովան ներողություն է խնդրել Սպիտակ տան աթոռների վերաբերյալ գրառման համար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներողություն է խնդրել Սերբիայի նախագահի քննադատությանն արժանացած Սպիտակ տան աթոռների վերաբերյալ Facebook-ում արված գրառման համար: Նա նոր գրառումը նույնպես տեղադրել է սոցցանցում:
«Ներեցեք, բայց իմ գրառումը սխալ է մեկնաբանվել: Դրա միակ իմաստը «բացառիկների» կողմից ամբարտավան վերաբերմունքի մերժումն է»,- գրել է Զախարովան:
Նրա խոսքով, ամերիկացի պաշտոնյաները հաճախ են դիմում նման հնարքների՝ «արհեստականորեն սեփական բացառիկության տպավորություն ստեղծելու համար»: Այս մոտեցումն անընդունելի է, եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ, սեպտեմբերի 6-ին, նա գրառում է հրապարակել, որում ծաղրել է Սերբիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Իսկ Զախարովայի հեգնական մեկնաբանության պատճառ է դարձել լուսանկարը, որում երևում է, որ Թրամփն իր աթոռը զրուցակիցից զգալի հեռավորության վրա է տեղափոխել: «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռը դրել են այնպես, կարծես դուք հարցաքննության եք ներկայացել, նստեք ինչպես թիվ 2 լուսանկարում: Ով էլ որ լինեք: Ուղղակի հավատացեք»,- գրել է դիվանագետը՝ հրապարակումն ուղեկցելով «Հիմնական բնազդ» կինոնկարից կադրով:
Ի պատասխան Վուչիչը պարզունակ է անվանել Թրամփի հետ իր հանդիպման նման գնահատականը: «Նրանք չեն գնահատում, որ Սերբիան ռազմական առումով չեզոք երկիր է և չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, միակ երկիրն է, որը նրանցից գազ և զենք է գնում, ես չեմ բացատրի ուրիշի պրիմիտիվիզմը»,- նշել է Սերբիայի նախագահը:
Կարծիքներ