Արցախում հանցավորության դեմ պայքարում են արցախյան իրավապահ մարմինները. ԱՀ դատախազության պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազին

Արցախում հանցավորության դեմ պայքարում են արցախյան իրավապահ մարմինները. ԱՀ դատախազության պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության դատախազությունը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարություններին, համաձայն որի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցում «ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում հանցագործությունների հետ կապված»:

Արցախի դատախազությունն «Արմենպրես»-ին փոխանցած հայտարարությունում հայտնում է.

«Արցախի Հանրապետության տարածքում հանցավորության դեմ պայքարն իրականացվում է արցախյան իրավապահ մարմինների կողմից, և ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ մի շարք երկրների՝ մենք այն իրականացնում ենք հիշյալ կոնվենցիայի դրույթներին համապատասխան գործելու մեծագույն ձգտումով ու իրավունքի գերակայության սկզբունքին հավատարմությամբ:

Ադրբեջանի դատախազության մեծագույն առաքելությունը կարող է լինել այն, որ իրավապահ համակարգի գործունեության համակարգմամբ կարողանա նպաստել այնպիսի հանցավոր դեպքերի կանխարգելմանը, ինչպիսիք մոլորությամբ ադրբեջանական զինծառայողների վերահսկողության տակ հայտնված` հոգեկան առողջության հետ բացահայտ խնդիրներ ունեցող անձին խոշտանգելն է, խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակով բնակավայրերի և բնակելի տների ուղղությամբ պարբերաբար՝ ցերեկային ու գիշերային ժամերին կրակելու, դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու, սպանության, ծաղրուծանակի ենթարկելու դեպքերը: Իհարկե, նմանատիպ դեպքերը քննության առնելը Ադրբեջանի իրավապահ մարմինների պարտականությունն է, բայց քանի որ այդ պետությունում հայատյացությունը և ազգային հողի վրա հայի նկատմամբ ցանկացած` այդ թվում հանցավոր ոտնձգությունը խրախուսվում է բացահայտորեն, անգործությունից բացի այլ բան ակնկալել մենք չենք կարող: Իսկ եթե իրավապահ համակարգն ի վիճակի չէ կանխելու նման երևույթները և քրեական պատասխանատվության ենթարկելու հանցավոր արարք կատարած իր քաղաքացիներին ու զինվորականներին, ապա ստիպված է լինում հանդես գալ ընդամենը հայտարարություններով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում