ԿԳՄՍ նախարարը Բրյուսովի գիտխորհրդի անդամներին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
038A6791.JPG (425 KB)
ԿԳՄՍ նախարարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իրավական հիմքերին՝ նշելով, որ այդ մասին համապատասխան որոշումը նախապես ուղարկվել է նաև բուհ:
«Կառավարության համար՝ որպես բուհի հիմնադրի, առաջնային պարտավորություն է գործադրել բոլոր ջանքերը՝ բուհի բնականոն աշխատանքը և կրթական ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար, որն ամենակարևորն է: Սա է մեր գերխնդիրը: Կարծում եմ՝ դրանում համոզվել եք դեռևս հունվարի վերջին, երբ ունեինք իրավական փակուղի. թե՛ բուհի կանոնադրության և թե՛ որևէ այլ իրավական ակտում չկար կարգավորում, որն այդ պահին թույլ կտար լուծելու բուհի անխափան գործունեության, աշխատավարձերի վճարման և այլնի հետ կապված մի շարք հրատապ հարցեր: Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրեց կանոնադրության փոփոխություն, որը թույլ տվեց կանոնադրության ուժով ռեկտորի պարտականությունների կատարումը պատվիրակել բուհի պաշտոնատար անձին, ինչի արդյունքում այս ընթացքում կազմակերպվեց բուհի գործունեությունը»,- նշել է նախարարը:
Համաձայն հիմնադրամների մասին օրենքի՝ 2-ամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով, որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում և այլն: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը:
«Հենց այս նպատակով է ձևավորվել ժամանակավոր խորհուրդ»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ սա չի սահմանափակում բուհական ինքնավարությունը:
ԿԳՄՍ նախարարը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Դավիթ Գյուրջինյանը կկարողանա ամբողջացնել բուհի ներսում ակադեմիական մթնոլորտի, կրթության որակի, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ջանքերը:
«Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է կառուցողական բոլոր քննարկումների համար:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես սկզբունքային, ճիշտ աշխատանքի կողմնակիցն եմ՝ ակադեմիական պատշաճ միջավայրի ապահովման համար: Կուզեի, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքն անխաթար լիներ: Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Կարևորում եմ նաև ուսանողներին այս գործընթացները ճիշտ բացատրելու անհրաժեշտությունը»:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հարցերին՝ անդրադառնալով բուհական ոլորտում նախանշված բարեփոխումներին, դրանց առնչությամբ շրջանառվող թյուրընկալումներին և շահարկումներին:
Նախարարն ընդգծել է, որ բուհերի միավորման և խոշորացման ծրագիրը նախատեսված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» և վերաբերում է բուհական ողջ համակարգին: Նախատեսվող միջոցառումները միտված են բուհերի մրցունակության բարձրացմանը՝ միջազգային վարկանշային սանդղակներում տեղ գտնելու նպատակով։
Կարծիքներ