Իրանում հայտարարել են մի քանի ահաբեկչական խմբավորումների վերացման մասին
Իրանի հետախուզական ծառայությունները ահաբեկչական երեք խմբավորում են վերացրել: Այս մասին հայտնում է Իրանի հետախուզության նախարարությունը, փոխանցում է IRNA-ն:
Հաղորդման մեջ նշվում է նաեւ ահաբեկչության հեղինակների ձերբակալման մասին, որը կատարվել էր մարտի վերջին երկրի հարավ-արեւելքում` Սարավան քաղաքում: Այդ ժամանակ պայթյունի արդյունքում 16-ամյա դեռահաս էր զոհվել, մի քանի անցորդ վիրավորվել էր: Զեկույցում ասվում է, որ հարձակումը կատարողները կապված են եղել Իրանի սահմաններից դուրս նախապատրաստված Ջեիշ օլ-Զոլմ խմբավորման հետ:
Բացի այդ, մեկ այլ ահաբեկչական խմբավորում չեզոքացվել է Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում: «Այս խմբավորումը, Եվրոպայից ժամանած ահաբեկիչների գլխավորությամբ, նախատեսում էր մի շարք ռմբակոծություններ եւ այլ հարձակումներ կազմակերպել ամբողջ նահանգի կրոնական օբյեկտների վրա: Հարձակումների նպատակը տարաձայնություններ սերմանելն է տարբեր կրոնների հետեւորդների միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երրորդ խմբավորումը հայտնաբերվել եւ վերացվել էր Արեւմտյան Ադրբեջանի հյուսիսարեւմտյան նահանգում: «Օպերացիայի ընթացքում երկու ահաբեկիչ է սպանվել, եւս մեկին հաջողվել է փախնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ