Փրկարար ծառայությունն անցկացնելու է Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին ընդառաջ, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, դեկտեմբերի 6-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարբեր նշանակության հաստատություններում անց են կացնելու Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ՝ ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, աղետներին դիմակայունության համապետական միջոցառումների շրջանակներում մի շարք ուսումնական հաստատություններում, մարզպետարաններում, համայնքապետարններում և կազմակերպություններում նախատեսված է անցկացնել «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի երկրաշարժերի ծագմանը, առաջացման բնույթին, մագնիտուդին, աղետի գոտում առաջացող խնդիրներին, հետևանքներին, բնակչության պաշտպանության կազմակերպման միջոցառումներին և երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին։
Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Աղետալի վտանգավոր երևույթներ, դրանց հետևանքները և բնակչության պաշտպանությունը» թեմայով սեմինար, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժին նվիրված ֆիլմի դիտում:
Կարծիքներ