Ոսկե մեդալներ, պատվոգրեր և շնորհակալագրեր․ Հրաչյա Սարգսյանը պարգևատրել է մետրոպոլիտենի աշխատակիցներին
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն, մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնել համակարգի բազմափորձ աշխատակիցներին։
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա առիթով՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ պատասխանատու ու բարդություններով լի աշխատանքի համար:
«Ձեր օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում եք արագ, անխափան ու անվտանգ տեղափոխել տասնյակ հազարավոր ուղևորների։ Շատ հաճախ շրջելով Երևանի մետրոպոլիտենում՝ տեսնում եմ, թե ինչքան կարելի է սիրել աշխատանքը և միևնույն ժամանակ աշխատել այս բարդ պայմաններում»,- նշել է քաղաքապետը։
Մետրոպոլիտենի 42-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել էլեկտրամեխանիկական ծառայության պետ Սամվել Մնացականյանն ու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ծառայության պետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արթուր Սերոբյանը։
Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Կարծիքներ