Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի ECOSOC-ի երիտասարդական միջազգային համաժողովին

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի ECOSOC-ի երիտասարդական միջազգային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով հանձնակատարի գրասենյակի ու Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից հիբրիդային ձևաչափով կազմակերպված «Accelerating the COVID-19 recovery and full implementation of the 2030 Agenda with and for youth» խորագրով համաժողովին:

Առցանց ձևաչափով կլոր-սեղան քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է «Ինչպե՞ս է Հայաստանը օգտագործում երիտասարդների կրթության և հմտությունների զարգացումը` աջակցելու երկրի էներգետիկ զարգացման երկարաժամկետ ծրագրին, որը ներառում է էներգետիկ անվտանգության խթանումն ու վերականգնվող էներգիայի միջոցով էներգաարդյունավետության բարելավումը» հարցին:

«Կրթությունն ու գիտելիքը ոչ միայն կյանքում ինքնաիրացման և հաջողության հասնելու բանալին են, այլև պետության կրթական, տնտեսական, սոցիալական, մշակութային և թվային զարգացման առանցքը։ Բոլոր երկրներում երիտասարդությունը տրանսֆորմացիոն փոփոխությունների առաջատարն է և հասարակության շարժիչ ուժը, հետևաբար կարող ենք պնդել, որ այն պետություններն են զարգացած, որտեղ երիտասարդներն ունեն իրենց կարողությունների զարգացման հնարավորություն և ակտիվորեն ներգրավված են որոշումների կայացման գործընթացներում: Վերջին միտքը լիարժեք համահունչ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ «Երիտասարդություն - 2030» ռազմավարության մեջ նշված երիտասարդների կյանքի որակը բարելավող 5 առաջնահերթություններից մեկին, որն է՝ երիտասարդներին մասնակից դարձնել ժամանակակից խնդիրների լուծմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա անդրադարձել է որոշումների կայացման գործընթացում երիտասարդներին ներգրավելու և մոտիվացնելու գործիքների ընտրությանը՝ առաջին հերթին շեշտելով կրթությունը։ Ըստ նախարարի տեղակալի՝ երիտասարդներին հնարավոր է մոտիվացնել մրցունակ գիտելիքով, 21-րդ դարին հարիր կարողություններով զինելու, ստացած գիտելիքը շարունակաբար կատարելագործելու, նորարարական գաղափարների գեներացման հարմար հարթակներ տրամադրելու միջոցով:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման մասնակից, ազգային գործողությունների ծրագրում կարևորում է երիտասարդների մասնակցությունը. «Այստեղ առանցքային է երիտասարդության դերը, քանի որ հավակնոտ թիրախներին հնարավոր չէ հասնել առանց մտածելակերպի փոփոխության: Հետևաբար, գործողությունների պլանում ներառված են երիտասարդների կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներ»:

Նա նաև նշել է, որ էկոլոգիական կրթությունը մաս է կազմում հանրակրթական նոր չափորոշչով սահմանված կարողունակությունների փաթեթի, որը հիմնված է սովորողի հմտությունների և կարողունակությունների վրա. «Այս նոր չափորոշչով երիտասարդը, բացի ակադեմիական գիտելիքից, դպրոցում ձեռք է բերում անհրաժեշտ հմտություններ, դիրքորոշում և արժեքներ: Այս մոտեցումը հավասարապես վերաբերում է էկոլոգիական կրթությանը և ընդհանուր առմամբ կայուն զարգացմանը»:

Խոսելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, մասնավորապես՝ «Մատչելի և մաքուր էներգիա» հավակնոտ նպատակի թիրախներին հասնելու հարցում իրականացվելիք քայլերի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը փաստել է, որ ՀՀ կառավարությունը 2021 թվականին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի` մինչև 2040 թվականը զարգացման ռազմավարական ծրագիրը, որի տեսլականով նախատեսվում է վերջնարդյունքում ունենալ ազատ, մրցակցային, մաքուր և էներգախնայող, անվտանգ և գիտելիքահենք Էներգոհամակարգ։

Երիտասարդական համաժողովի նպատակն էր տրամադրել երիտասարդների, ինչպես նաև անդամ պետությունների միջև երկխոսության հարթակ՝ երիտասարդության զարգացման օրակարգն ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում առաջ մղելու նպատակով: Մասնավորապես, համաժողովի հագեցած օրակարգն ընդգրկել է այնպիսի թեմաներ, որոնք վերաբերել են COVID-19 համաճարակից հետո արագ վերականգնմանը և մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին ու այդ ընթացքում ծագած մարտահրավերներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում