Չինաստանը արգելել է դպրոցների ուսուցիչներին պատժել աշակերտներին

Չինաստանը արգելել է դպրոցների ուսուցիչներին պատժել աշակերտներին

Չինաստանն աշակերտների մի շարք մահերից հետո արգելել է դպրոցների ուսուցիչներին այնպիսի պատիժ սահմանել, որը կարող է ֆիզիկական կամ հոգեկան վնաս պատճառել դպրոցականներին, հայտնում է AFP-ն:

Նոր կանոնները արգելում են դպրոցներում ստորացուցիչ պատիժները եւ խստացնում են մարմնական պատժի վերաբերյալ առկա արգելքը: Արգելքը ներառում է փայտով ծեծը, բանավոր վիրավորանքները: Դպրոցականներին այժմ առաջարկվում է ներողություն խնդրելու նամակ գրել կամ տնային առաջադրանքները դասարանում կատարել՝ աննշան զանցանքների համար, ինչպիսիք են տնային աշխատանքը մոռանալը: Նրանք, ովքեր ավելի լուրջ սխալներ թույլ կտան, կարող են հեռացվել պարապմունքներից կամ նրանց կառաջարկվի խորհրդատվություններ անցնել:

Չինաստանում մարմնական պատիժները 1986-ին են օրենքից դուրս հայտարարվել, բայց ծնողները հաճախ աչք ն փակում այդ պրակտիկայի վրա:

Չինական ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում են ուսուցիչների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով սպանության կամ դպրոցում հանրային նվաստացման հետեւանքով ինքնասպանության դեպքերի մասին:

«Սինհուա» պետական լրատվական գործակալությունը սեպտեմբերին հաղորդել էր, որ հարավարեւմտյան Սիչուան նահանգից 10-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ մաթեմատիկայի ուսուցչը հարվածել է նրա գլխին` խնդիրը սխալ լուծելու համար:

Անցյալ հունիսին արեւելյան Ցյանգսու նահանգում հինգերորդ դասարանցին ինքնասպան էր եղել այն բանից հետո, երբ ուսուցիչը քննադատել էր նրա շարադրությունը՝ «դրական հույզերի» բացակայության համար, հայտնում է China Daily-ն: Ուսուցիչը հարվածել էր նրան եւ նվաստացրել դասարանի առջեւ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում