2022-ին ընդլայնվելու է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացող շահառուների ցանկը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ անդրադարձել է համաճարակային իրավիճակին: Ըստ նրա՝ նախորդ օրը գրանցվել է քովիդով վարակման 810 դեպք, մահերի թիվը 35 է, այդ թվում՝ արձանագրվել է հղի կնոջ մահ: Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ համավարակի դեմ պայքարի կարևորագույն միջոցը կա և մնում է պատվաստումը, որը բերում է իրավիճակի կայունացման: Ներկա դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 613 հազար, իսկ երկրորդը՝ 276 հազար քաղաքացի:
Անդրադառնալով 2022-ի պետբյուջեի ֆինանսական հատկացումներին՝ նախարարը փաստել է, որ եկող տարի իրականացվելու է 13 ծրագիր՝ 50 միջոցառում:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բնակչությանը մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման նպատակով իրականացվելու է «Առողջության առաջնային պահպանում» ծրագիրը, որին հատկացվելու է 27,804.5 մլն դրամ:
«Դեղապահովում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 880 մլն դրամ: Ծախսերն ընթացիկ տարվա համեմատ ավելացել են 10%-ով: Ապահովվելու է 12 հիվանդության ծածկույթ, 267 հազար 175 շահառուների պետությունն անվճար և արտոնյալ պայմաններով կտրամադրի համապատասխան դեղորայք:
Նախարարությունն իրականացնելու է նաև այլ ծրագրեր, որոնց նպատակը մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում որակյալ շտապ բժշկական օգնության ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության հասանելիության ու մատչելիության մակարդակի բարձրացումը:
Նշվել է նաև, որ առողջապահության նախարարության հիմնական խնդիրներից է հանրապետությունում ուռուցքաբանական ծառայությունների շարունակական բարելավումը: 2022-ին նախատեսվում է վերանայել ուռուցքաբանական վիրահատությունների գները:
Իրականացվելու են կապիտալ ծախսեր` մարզային առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման նպատակով:
Կարծիքներ