Հայաստանում առաջին անգամ ներդրվել է ՄՊՀ-ին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը
Տնտեսական մրցակցության հանձնաժողովում առաջին անգամ ներդրվել է գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը: Այս մասին նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Մարկոսյանը:
- Պարոն Մարկոսյան, ՄՊՀ-ն վերջերս ներդրել է Հանձնաժողովին գաղտնագրման ենթակա հաղորդում ներկայացնելու ինստիտուտը: Ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը և տնտեսավարողների համար կա՞ն առանցքային փոփոխություններ:
- Տնտեսական մրցակցության բնագավառում առկա առերևույթ մի շարք իրավախախտումներ մնում էին չբացահայտված այն պատճառով, որ դրանց մասին տեղեկացված տնտեսավարող սուբյեկտները ձեռնպահ էին մնում իրավախախտման վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց։ Նման գործելակերպը պայմանավորված էր նրանով, որ ենթադրյալ իրավախախտում կատարած սուբյեկտը, իմանալով այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հաղորդում ներկայացնելու մասին, կարող էր որևէ կերպ բացասական ազդեցություն ունենալ նրա հետագա տնտեսական գործունեության վրա: Որպես օրինակ՝ առևտրային ցանցը հետագայում կարող էր դադարեցնել իր համագործակցությունը նման մատակարարի հետ։ Դա էր պատճառը, որ օրենսդրական փոփոխությունների նախագծման փուլում առանձնակի ուշադրության արժանացավ նաև այս հարցը։ Արդյունքում, 2021 թվականի մարտի 3-ին ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով ներդրվեց Հանձնաժողովին գաղտնագրված հաղորդում ներկայացնելու ինստիտուտը՝ սահմանելով, որ գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։
- Պետք է խնդրեմ ավելի մատչելի ներկայացնել՝ ե՞րբ է այն ընդունվել, որո՞նք են առաջարկվող հիմնական կարգավորումները:
- Հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 9-ին է ընդունել «Գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 325-Ն որոշումը , որն ուժի մեջ է մտել 2021 թվականի նոյեմբերի 12-ին: Հասանելի է հետևյալ հղմամբ։
Այդ որոշումից ցանկանում եմ առանձնացնել հետևյալ հիմնական կարգավորումները՝
գաղտնագրման ենթակա տվյալներ պարունակող հաղորդումը Հանձնաժողով ներկայացվում է թղթային եղանակով, փակ ծրարով՝ «Գաղտնագրման ենթակա հաղորդում» նշումով,
ծրարը կարող է բացել միայն Հանձնաժողովի քարտուղարության պետը, որից հետո գաղտնագրում է հաղորդումը, ընդ որում գաղտնագրումը ենթադրում է ներկայացնող անձի և նրա ներկայացուցչի անվան կամ անվանման փոփոխում անձի հետ չառնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի պայմանական անունով կամ անվանումով, ինչպես նաև նրանց նույնականացնող այլ տվյալների փակում,
քարտուղարության պետը գաղտնագրումից հետո հաղորդման չգաղտնագրված տարբերակը պահում է չհրկիզվող պահարանում և շրջանառության մեջ է դնում հաղորդման գաղտնագրված տարբերակը,
հաղորդում ներկայացրած անձի հետ հետագա հաղորդակցությունն իրականացվում է հաղորդման մեջ ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, ինչը ենթադրում է, որ հաղորդում ներկայացնող անձը պետք է տրամադրի իրեն չնույնականացնող էլեկտրոնային փոստի հասցե։
- Վերոնշյալի համատեքստում, արդյոք տվյալ ինստիտուտի ներդրումը կարո՞ղ է հանգեցնել որոշակի չարաշահումների:
- Հանձնաժողովը, իհարկե դիտարկել է այս տարբերակը, մասնավորապես տնտեսավարող սուբյեկտների կողմից կարող են «Գաղտնագրման ենթակա հաղորդում» նշումով անհիմն հաղորդումներ ներկայացվել` ծանրաբեռնելով Հանձնաժողովին և անհարկի ներքաշել տնտեսավարող սուբյեկտների վարչարարական գործընթացների մեջ։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ինչպես մյուս հաղորդումները, այնպես էլ գաղտնագրված հաղորդումները ենթակա են նախնական ստուգման Հանձնաժողովի կողմից, ինչը ենթադրում է, որ Հանձնաժողովը գնահատում է հաղորդմանը կից ներկայացված ապացույցները, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության դեպքում կարող է իրականացնել օրենքով սահմանված համապատասխան գործողություններ, այդ թվում՝ ստուգում, դիտանցում, հսկիչ գնում, մշտադիտարկում, արտաքին դիտում, պահանջել և ստանալ տեղեկություններ։ Այսպիսով, Հանձնաժողովը վարույթ հարուցում է միայն այն դեպքում, երբ առկա են տնտեսական մրցակցության բնագավառում առերևույթ խախտման հատկանիշներ։
- Ո՞րն է Ձեր հիմնական ուղերձը:
- Վստահ ենք, որ այս նորամուծությունը կխթանի Հանձնաժողովի և հասարակության ջանքերը հակամրցակցային գործունեության դեմ պայքարում մեկտեղելու գործում և լիահույս ենք, որ այս ինստիտուտի ներդմամբ կբարձրանա նաև Հանձնաժողովի գործունեության արդունավետությունը:
Կարծիքներ