Անտառից հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են դանակ, արնանման հետքեր, կոտրված շշեր

Անտառից հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են դանակ, արնանման հետքեր, կոտրված շշեր

Օգոստոսի 5-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անգիտակից վիճակում «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։ Պարզվել է՝ որտեղից է վիրավորը տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները ժամանել են նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն է: Այնտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն կան կասկածյալներ և օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում