Գրիգոր Մինասյանը Եվրահանձնաժողովի փոխնախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վեռա Յուրովայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության կողմից արդարադատության ոլորտին տրամադրված զգալի աջակցության համար, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների երաշխավորման և օրենքի գերակայության վրա հիմնված կառուցակարգերի զարգացմանը։ Նախարարը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս Հայաստան իրականացրած փաստահավաք առաքելության այցը։
Գրիգոր Մինասյանն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունն առավել խորացնելու ԵՄ հանձնառությունը և հավելել, որ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։
Արդարադատության նախարարը նաև անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում ՀՀ-ԵՄ համատեղ հանձնառությունը։
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև դտաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, անդրադարձել հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ առաջընթացին ու միջազգային ցուցանիշներում գրանցած հաջողություններին։
Կողմերը քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտին ու զանգվածային լրատվամիջոցների գործունեության կարգավորմանն ուղղված օրենդրական նախաձեռնությունները։
Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով զանգվածային լրատվության մասին օրենսդրության լրամշակման գործընթացին մատնանշել է, որ նախագիծն ուղղված է նաև ԶԼՄ ինքնակարգավորման համակարգի ներդրմանը՝ եվրոպական առաջադեմ փորձառությանը համապատասխան։
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների մասին` Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության համապարփակ քաղաքականությունն իրականացվում է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Իրավահավասարության ապահովման մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի մշակման գործընթացին՝ ընդգծելով, որ նախագծերը մշակվել են ներառական ու մասնակցային եղանակով՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։
Նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։
Վերա Յուրովան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության և մասնավորապես Արդարադատության նախարարության ջանքերը։ Նա կարևորել է բարեփոխումների նախաձեռնություններն ու դրանց մշակման գործընթացների թափանցիկությունը և ներառականությունը։
Խոսելով ԶԼՄ ոլորտի կատարելագործման և ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունից՝ Վերա Յուրովան անդրադարձել է Տեսալսողական մեդիայի կարգավորմանն ուղղված ԵՄ դիրեկտիվին և ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող քարոզարշին։
Այս համատեքստում տիկին Յուրովան ՀՀ-ին աջակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ԵՄ առկա գործիքակազմերի շրջանակներում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու իարվունքի գերակայության ապահովմանը, եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ ԶԼՄ ոլորտի կատարելագործմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին։
Կարծիքներ