Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության՝ վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում