Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն անցնում է հեռավար աշխատանքի. ինչ է կատարվում կառույցում, որտեղ են փոխքաղաքապետները
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սեփական որոշմամբ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի հեռավար:
Որպես հիմնավորում նշված է, որ որոշումը կայացվել է առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետների բացակայության պատճառով:
Նկատենք, որ այս նոր իրադարձությունը հաջորդում է Գյումրու ավագանու՝ հոկտեմբերի 11-ի չկայացած նիստին, երբ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալության մասին հայտնի դառնալուց հետո քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ նիստին չէին ներկայացել Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամները և «Հանրապետական» խմբակցությունը։
Անձամբ քաղաքապետից հնարավոր չեղավ ճշտել հեռավար աշխատանքի ժամանակահատվածը, քանի որ հեռախոսազանգին Սամսոնյանը չպատասխանեց:
Հիշեցնենք՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ևս Վարդգես Սամսոնյանը, առողջական խնդրով պայմանավորված, կրկին չներկայացավ աշխատանքի, բայց այդ ժամանակահատվածում քաղաքապետի պարտականություններն իրականացրեց փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը:
Հիմա Լուսինե Սանոյանն արձակուրդում է: Քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ նա Հայաստանում չէ:
Գյումրու մյուս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ինչպես հայտնի է, գտնվում է տնային կալանքում: Վերջինս ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունից հետո նույն գործի շրջանակներում։
Կարծիքներ