Հինգ մթերք, որոնք նպաստում են լնդերի ու ատամների ամրապնդմանը

Հինգ մթերք, որոնք նպաստում են լնդերի ու ատամների ամրապնդմանը

Բոլորն էլ գիտեն, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան շատ կարևոր է առողջ ատամներ ու լնդեր ունենալու համար, սակայն քչերին է հայտնի, որ այս հարցում ոչ պակաս կարևոր է նաև սննդակարգը։ 

Մասնագետների խոսքով՝ ամենաօրյա սննդակարգը որոշիչ նշանակություն ունի մարդու ատամների ու լնդերի առողջության համար։ Բանն այն է, որ ատամները կարող են արտաքինից բավական հարթ թվալ, մինչդեռ իրականում դրանց էմալն ունի ծակոտկեն կառուցվածք, ինչը նշանակում է, որ սննդի մեջ պարունակվող նյութերը կարող են հեշտությամբ ներթափանցել դրա մեջ։ Սրանով է պայմանավորված այն փաստը, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք բացասաբար են անդրադառնում ատամների վրա և կարող են կարիես ու մի շարք այլ խնդիրներ առաջացնել, մինչդեռ կան նաև այնպիսինները, որոնք պայքարում են նման տհաճ խնդիրների զարգացման դեմ ու օգնում են պահպանել ատամների և լնդերի առողջությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամների ու լնդերի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակները, որոնք սննդակարգում ներառելը կօգնի խուսափել բերանի խոռոչի հետ կապված մի շարք տհաճ խնդիրներից։

Կակաոյի հատիկներ

Փաստացի կակաոյի հատիկները կարելի է համարել շոկոլադ, որը չի պարունակում շաքար և այլ հավելումներ։ Այս մթերքը մագնեզիումի և բերանի խոռոչի առողջության համար շատ կարևոր մի շարք այլ օգտակար քիմիական նյութերի հարուստ աղբյուր է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոն օգնում է ոչնչացնել այն բակտերիաները, որոնք նպաստում են կարիեսի առաջացմանը։ Բայց այդ, կակաոյի հատիկներում դեռ պարունակվում է կակաոյի յուղ, որից զուրկ է փոշիացված կակաոն, ուստի դրանք սրճաղացով մանրացնելու դեպքում կարելի է պատրաստել շատ ավելի օգտակար ու բուրավետ ըմպելիք։

Պանիր եւ կարագ

Կաթնամթերքը շատ օգտակար է, քանի որ կովերը սնվում են խոտաբույսերով։ Նրանց և մի շարք այլ կաթնասունների օրգանիզմում պարունակվում է ֆերմենտ, որը կենդանու մարսողական համակարգում ստեղծում է K1 և K2 վիտամիններ, իսկ K2 վիտամինով հարուստ մթերքը, այդ թվում նաև սագի լյարդից պատրաստված պաշտետը, հավկիթն ու հավի լյարդն ամրապնդում ու պահպանում են ատամների առողջությունը։ Բացի այդ, կաթնամթերքը հարուստ է նաև ֆոսֆորով, որը նույնպես շատ կարևոր է ատամների համար։

Յուղոտ ձկնատեսակներ

Սաղմոնը, իշխանը, թյունոսը, սկումբրիան, ձողաձուկն ու յուղոտ այլ ձկնատեսակները հարուստ են վիտամին D-ով, ուստի համարվում են առողջ սննդակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Այս սննդարար նյութը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար և օգնում է կանխել ատամների էմալի քայքայումը։ A և K2 վիտամինների հետ փոխգործակցության մեջ մտնելու դեպքում վիտամին D-ն նպաստում է կալցիումի յուրացմանը, իսկ այս հանքանյութը շատ կարևոր է ատամների էմալի ամրապնդման համար։ Այս տարրերից յուրաքանչյուրի դեֆիցիտը կարող է հանգեցնել էմալի թուլացման, ինչը շատ վատ հետևանքներ կունենա ատամների համար։

Բացի այդ, յուղոտ ձկնատեսակները հարուստ են նաև օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով, որոնք պահպանում են լնդերի առողջությունն ու մեղմում են պարօդոնտիտի ` լնդերի ամենատարածված հիվանդություններից մեկի ախտանշանները։ Սա է պատճառը, որ լնդերի հաճախակի արյունահոսության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգն օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքով։

Տերևավոր բանջարեղեն

Կանաչեղենն ու տարատեսակ տերևավոր բանջարեղենը պարունակում են օգտակար պրեբիոտիկներ` չմարսվող սննդային մանրաթելեր, որոնցով սնվում են բերանի խոռոչում գտնվող օգտակար բակտերիաները։ Բայց այդ, բանջարեղենի այս տեսակները հարուստ են նաև մեծ քանակությամբ օգտակար հանքանյութերով, որոնք ամրապնդում են ատամները։

Թուրինջ ու նարինջ

Թթու մթերքը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ատամների վրա, սակայն չափավոր գործածության դեպքում թուրինջն ու նարինջը շատ օգտակար են բերանի խոռոչի առողջության համար։ Ցիտրուսային այս մրգերը հարուստ են մեծ քանակությամբ վիտամին С-ով, որն ամրապնդում է արյունատար անոթներն ու շարակցական հյուսվածքները։ Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ երկու շաբաթ շարունակ ամեն օր թուրինջ օգտագործելու դեպքում լնդերի արյունահոսության հաճախականությունը զգալիորեն նվազում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում