Մոլդովայի նախագահը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ վարչապետի թեկնածու է առաջադրում «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը փետրվարի 23-ին որոշում է կայացրել, որ Սանդուն պետք է խորհրդակցություններ անցկացնի պատգամավորների հետ և նրանց հետ քննարկի կառավարության ձևավորման հարցը:
Ավելի վաղ նախագահի հետ հանդիպել էին Pentru Moldova խումբը, Pro Moldova կուսակցությունը, Ժողովրդավարական կուսակցությունը, «Արժանապատվություն և ճշմարտություն հարթակ» կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը, որոնք աջակցում են նոր կառավարության ձևավորմանը: «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է լուծարել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ:
«Ես ի գիտություն եմ ընդունել Մարիաննա Դուրլեշտյանուի՝ վարչապետի թեկնածու դառնալու մերժումը, ուստի որպես վարչապետի թեկնածու որոշել եմ առաջադել Իգոր Գրոսուին»,-հայտարարել է Սանդուն:
Նա նշել է, որ խնդրել է Գրոսուին պատրաստել կառավարության ծրագիր և թիմ կազմել: Նա ասել է նաև, որ այժմ անհրաժեշտ է հաղթահարել կորոնավիրուսային համավարակի սպառնալիքը, իսկ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել ամռանը:
Կարծիքներ