Ռուսաստանում Twitter–ը կարող է մեկ ամսից արգելափակվել, եթե չկատարի «Ռոսկոմնադզորի» պահանջները
«Ռոսկոմնադզոր»-ը մեկ ամսից կարգելափակի Twitter սոցիալական ցանցը Ռուսաստանի տարածքում, եթե ծառայությունը չջնջի արգելված տեղեկատվությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինը:
«Մենք մեկ ամիս ենք վերցրել և հետևում ենք արգելված տեղեկատվության հեռացման վերաբերյալ Twitter-ի արձագանքին: Դրանից հետո, կախված սոցիալական ցանցի վարչակազմի գործողություններից, համապատասխան որոշումներ կկայացվեն: Եթե Twitter-ը չկատարի «Ռոսկոմնադզոր»-ի պահանջները, Ռուսաստանի օրենսդրության պահանջները, մենք կքննարկենք Ռուսաստանի տարածքում ծառայության ամբողջական արգելափակման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` եթե ընկերությունը կատարի բոլոր պահանջները, ապա նրա դեմ պատժամիջոցները կվերացվեն:
«Ռոսկոմնադզոր»-ը մարտի 10-ին հայտարարել է Ռուսաստանում Twitter-ի արագության «առաջնային դանդաղեցման» սկիզբը` պայմանավորված այն փաստով, որ ծառայությունը չի հեռացնում երկրում արգելված բովանդակությունը: Գերատեսչությունը խոստացել է շարունակել սոցիալական ցանցի վրա ազդեցության միջոցները` ընդհուպ մինչև դրա արգելափակումը:
Միևնույն ժամանակ, ինչպես անցյալ շաբաթ ասել է «Ռոսկոմնադզոր»-ի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հսկողության վարչության պետ Եվգենի Զայցևը, գերատեսչությունը պատրաստ է երկխոսություն վարել ընկերության հետ, սակայն այն չի պատասխանում հարցումներին և պահանջներին:
Կարծիքներ