Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ է տարհանվել. ջուրը շարունակում է հեղեղել բնակավայրերը

Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ է տարհանվել. ջուրը շարունակում է հեղեղել բնակավայրերը

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի հիդրոէլեկտրակայանի գնդակոծության պատճառով ջուրը սկսել է լցվել Դնեպր գետի ափին գտնվող բնակավայրերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Ըստ պաշտոնյայի՝ Դնեպրի արևմտյան ափին գտնվող շուրջ 16 հազար մարդ աղետի գոտում է: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի (Երևանի ժամանակով 8:30-ի) դրությամբ ամբողջովին կամ մասնակի հեղեղված է եղել 8 բնակավայր:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Խերսոնի մարզից տարհանվել է 742 բնակիչ: Գերատեսչությունում հավելել են, որ օգնում են Դնեպրի՝ իրենց կողմից ազատագրված արևմտյան ափին գտնվող բնակիչներին: Ըստ նախարարության՝ հեղեղման վտանգի տակ է 80 բնակավայր, որոնց մեծ մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ճանապարհների հեղեղումների պատճառով հնարավոր չէ հասնել որոշ բնակավայրեր: Տարհանման խմբերն այլ ելքեր են որոնում:

Իր հերթին Նովայա Կախովկայի՝ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը հայտարարել է, որ Կախովսկի ՀԷԿ-ը շարունակում է փլուզվել: Նովայա Կախովկայում տարհանում են հեղեղված բնակավայրերի բնակիչներին:

«Այժմ ջրի մակարդակը բարձրացել է 10 մետրով, ամբարտակից ջրի արտահոսքը շարունակվում է: Ջուրը կարող է բարձրանալ առավելագույնը մինչև 12 մետրով», - մեջբերում է «РИА Новости»-ն Լեոնտևի խոսքերը:

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պաշտոնյաները  հայտարարել են, որ ՀԷԿ-ը վերականգնման ենթակա չէ:

Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկսի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում