ԱՄՆ-ն մեկնաբանել է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուի կիրառումը

ԱՄՆ-ն մեկնաբանել է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուի կիրառումը

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հիմնավորել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի օգտագործումը Դոնբասում։

«Մենք կոչ ենք անում Դոնբասում հակամարտող երկու կողմերին պահպանել հրադադարի պայմանները, բայց եկեք պարզ լինենք. Ռուսաստանի կողմից աջակցվող կողմը բազմիցս օգտագործել է հաուբից հրետանի և անօդաչու թռչող սարքեր ուկրաինական ուժերի դեմ»,- ասվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը պատասխան է թշնամու գործողություններին, այլ ոչ թե հարձակում։

Նա կարծում է, որ ԱԹՍ-ները չեն խախտում Դոնբասում հրադադարի պայմանավորվածությունը:

«Մենք չենք հարձակվում, մենք պատասխանում ենք հրադադարի ռեժիմի վերաբերյալ այդ պայմանավորվածություններին համապատասխան։ Հենց այս ձևաչափով էլ Ուկրաինան կշարունակի գործել։ Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ զինատեսակներին, ես կարծում եմ, որ Ուկրաինայում դրանք հատուկ պաշտպանության համար են, և երբ ուկրաինական բանակը զգում է, որ պետք է պաշտպանել իր հողը, դա անում է։ Եվ նա կշարունակի գործել այս սկզբունքով»,- ասել է Զելենսկին Օդեսայում լրագրողների հետ զրույցում։

Այն, որ Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքի առաջին մարտական օգտագործումը տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության գոտում, հայտնի է դարձել հոկտեմբերի 26-ի երեկոյան՝ նախ սոցիալական ցանցերից։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի գլխավոր շտաբում՝ հստակեցնելով, որ հարվածը հասցվել է «զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում