Գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի

Գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի

Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին տեղեկանում ենք երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի, 4000-ը` «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում:

Ծառերի մեծ մասն արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300 դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները: 

«Կանաչ ֆոնդի ընդլայնումը կապված է ոռոգման ցանցի հետ: Այս տարի նախատեսված է շուրջ 30 կմ՝ միայն կանաչապատման հիմնարկի ծրագրերում: Մոտ 8 կմ այս պահին արդեն անցկացված է»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը:  

Այն  հատվածներում, որտեղ արդեն ոռոգում կա, մեկնարկել են կանաչապատման հիմնական աշխատանքներն ու ծառատունկը: 2023 թ. կարևոր ու պատասխանատու նախագիծը «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին անտառպուրակի հիմնումն է: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, ապրիլի 8-ին ծառատունկն է: 

«Երևանի քաղաքապետարանն այս գարնանը մայրաքաղաքում կտնկի շուրջ 6000 ծառ, 4000-ը՝ Եռաբլուրում, 1500-2000-ն էլ կձևավորեն քաղաքի մայթեզրերը: Ձեռք ենք բերել ավելի քան 20 ծառատեսակ: Ծառատեսակներից մոտավորապես 300 դեկորատիվ են, մնացած 1500-1700-ը սոսիներ են, կաղնիներ են, ձիակասկեր:

Իհարկե, կարևոր է մեծ սաղարթով ծառեր տնկելը, բայց դրա համար պետք են անհրաժեշտ տարածք, իսկ երևանյան մայյթերը, ցավոք, նեղ են»,-ասել է Բեգոյանը: 

Թե քաղաքի ո՞ր հատվածում, ինչ ծառատեսակ պետք է տնկել՝ մասնագետները երկար են քննարկում: Ամեն մի տեղանք յուրահատուկ նշանակությունն ունի քաղաքի ու բնակիչների համար:

«Կան արժեքավոր ծառեր, որոնք առավելագույնս մաքրում են օդը և կան ծառեր, որոնք գեղազարդության համար են: Արժեքավոր ծառերը կրկնակի, եռակի ավելի շատ են, քան գեղազարդները»,-ընդգծում է ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը: 

«Նոր ծառերի զգալի մասը կփոխարինի կենսունակությունը կորցրածներին: Բանն այն է, որ անգամ քիչ թե շատ ուժեղ քամուց քաղաքում գրանցվում է ծառի տապալման հերթական դեպքը՝ վնասելով շինություններ ու մեքենաներ:  Հենց դրա համար էլ ծառերը պետք է ժամանակին փոխարինել»,-ասել է ավելի քան 40 տարվա բուսաբան-ծառագետի փորձը քաղաքին փոխանցող կանաչապատման համայնքային կազմակերպության գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը և հավելում, որ առաջին հերթին փոխարինվում են անարժեք տեսակները, նաև հիվանդ ու հանրության առողջությունը վտանգող տեսակները:

Տնկվող բոլոր նոր ծառերն ավելի քան 10 տարեկան, 3-5 մ բարձրությամբ ծառեր են:

Ծառատունկի ընթացքում ձևավորվում են նաև նոր ծառուղիներ: Դրանցից մեկը Նոր Նորքի ծայրամասային հատվածում է: 

«Մոտ 170 գծմ տարածքում ընդհանրապես ծառ չի եղել: Տնկել ենք սոսիներ, որոնք 5 մետր բարձրություն ունեն»,- նկատել է գլխավոր ծառագետը:

Գարնանը քաղաքում տնկված ծառերն արդեն հասցրել են հարմարվել տեղանքին, կանաչել ու անգամ՝ ծաղկել:

Այս տարի Երևանի կանաչ տարածքները նաև կձևավորվեն մոտ 1 մլն ծաղիկներով,  բույսերով ու թփերով: 

«Դրանցից կես միլիոնը ջերմոցատնկարանային տնտեսության արտադրանքն է: Հետագայում նախատեսում ենք նաև ընդլայնել  տնտեսությունը»,- նշել է ՀՈԱԿ-ի տնօրենը: 

Քաղաքի կանաչ տարածքների թարմացումը, առողջացումը, պահպանումն ու  ընդլայնումը քաղաքային կանաչապատման օրակարգային խնդիրներն են, որոնց լուծումը մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում