Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական արշավ
Օգոստոսի 27-29-ը Ջավախքում անցկացվել է «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ, որը կազմակերպել էր «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)՝ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Այս մասին հյատնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՋԱՀ-ը:
Ըստ աղբյուրի, ծրագրի մասնակիցները, որոնք հայ և վրացի լուսանկարիչներ են Հայաստանից, Սփյուռքից և Ջավախքից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյուններում, այցելել են Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի ու Ասպինձայի շրջանների գյուղեր ու քաղաքներ, տեսարժան վայրեր և մշակութային կոթողներ, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին, բարքերին ու առօրյային և իրենց տեսածը, զգացածն ու տպավորությունները ֆիքսել են ֆոտոխցիկի միջոցով:
Ծրագրի վերջին օրը մասնակիցները եղել են նաև Գանձա և Կարզախ գյուղերում, ՋԱՀ-ի կողմից հիմնադրած և վերականգնած աշուղ Ջիվանու ու Վահան Տերյանի տուն-թանգարաններում:
Նշվում է, որ ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև վարպետության դասեր, որոնք վարել են աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը:
Կարծիքներ