Ախուրյան համայնքում 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ով մանկապարտեզներ են կառուցվում

Ախուրյան համայնքում 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ով մանկապարտեզներ են կառուցվում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022-ի սուբվենցիոն 8 ծրագրերից 4-ը մանկապարտեզների կառուցման աշխատանքներն են։ Մարզպետարանի պատասխանատուներն այցելել են համայնքի այն բնակավայրեր, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, մեկնարկել են Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Կառավարությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, համայնքին մնում է գումարի 30 տոկոսի հատկացումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 272 մլն 108 հազար դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 318 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Անդրեաս և Ընկերներ» ՍՊԸ-ն է։

Սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքը։ Այս ծրագրի պետության աջակցության մասը 80 տոկոս է, համայնքը գումարի 20 տոկոսն է հատկացնելու։ Ընդհանուր արժեքը 271 մլն 235 միլիոն դրամ է։ Առաջին փուլի արժեքը 159 մլն 139 հազար դրամ է։ Աշխատանքներն իրականացնում է «Մալաք» ՍՊԸ-ն։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-ին մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրով շարունակվում են Ջրառատի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Դրանք իրականացվում են կառավարության՝ 70 տոկոս և hամայնքային 30 տոկոս համաֆինանսավորմամբ։ Երկրորդ փուլի արժեքը 200 մլն 940 հազար դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Շինարար» ՍՊԸ-ն է։

Մարզպետարանի պատասխանատուները հետևել են նաև Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի սուբվենցիոն ծրագրի ընթացքին՝ Հովիտ բնակավայրի ոռոգման համակարգի գոյություն ունեցող ջրամղիչ պոմպակայնի վերանորոգման տեղամասում։ 327 մլն 687 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի գումարի 65 տոկոսը տրամադրում է կառավարությունը, 35 տոկոսն էլ համայնքի ներդրումն է։

Հանդիպման ժամանակ պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին հորդորել են արձանագրված թերացումները վերացնել ամենասեղմ ժամկետներում և ամեն ինչ անել նախանշված ժամանակին դրանք ավարտին հասցնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում