Մշակութային կրթության տարին՝ նախագծային աշխատանքների շրջանակում

Մշակութային կրթության տարին՝ նախագծային աշխատանքների շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացրել են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հայ յոթ ականավոր թագուհիները» նախագծային աշխատանքի ներկայացմանը:

Նախագծի շրջանակում աշակերտներն ուսումնասիրել են յոթ թագուհիների ժամանակաշրջանը, կենսագործունեությունը, պատրաստել գրքույկներ ու համապատասխան հագուստներ, տարաբնույթ ձեռքի աշխատանքներ՝ հաստատելով միջառարկայական կապ «Գրականություն» առարկայի և «Արհեստ և արվեստ» բնագավառի միջև:

«Վստահ եմ՝ ուսումնասիրելով հայոց թագուհիների դերակատարումն ու ազդեցությունն իրենց ժամանակաշրջանում՝ կոգեշնչվեք նրանց կերպարներով և կնախանշեք ձեր ապագան: Ձեր կյանքի ճանապարհն արդյունավետ ու ճիշտ պլանավորելով՝ դուք ևս ձեր կարևոր դեր եք ունենալու ձեր ժամանակաշրջանում՝ նպաստելով պետության, հասարակության զարգացման ու առաջընթացին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով մասնակից աշակերտներին:

Նա հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները պատրաստվել նախագծային աշխատանքին, ինչ բարդություններ այն ուներ, ինչ տվեց, հե՞շտ է խմբային աշխատանք իրականացնելը, թե՞ ոչ: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման և նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխությունների վերաբերյալ:

Ի պատասխան՝ աշակերտներն ասել են, որ նախագծային աշխատանքը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու թեման, նոր գիտելիք ձեռք բերելու, ինչպես նաև թիմային մտածելակերպ ձևավորելու: Նրանք նոր չափորոշչի շրջանակում հատկապես կարևորել են դասագրքերում առկա QR կոդերը, որոնք, ըստ աշակերտների, առավել հեշտացնում և հետաքրքիր են դարձնում տվյալ առարկան:

Օրվա շրջանակում Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել նաև դպրոցում անցկացվող ընթերցանության մրցույթի երկրորդ փուլին, որի ընթացքում աշակերտներն ընթերցել են Սիլվա Կապուտիկյանի արձակից ընտրված որոշ հատվածներ, որին հաջորդելու էր ուսուցիչների կողմից ընտրված կամայական հատվածների ընթերցում:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ աշակերտներն ընթերցանությամբ հետաքրքրված են ոչ միայն մրցույթին մասնակցելու նպատակով, այլև առհասարակ գիրքը սիրելու շնորհիվ: Նա կոչ է արել շատ կարդալ՝ բացահայտելու նոր աշխարհներ ու տպավորություններ, ձևավորելու մտածելակերպ ու աշխարհայացք:

Նշենք, որ ՀՀ դպրոցներն իրենց իրականացրած նախագծային աշխատանքները հրապարակում են իրենց սոցիալական հարթակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում