Ընտրվեց Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական նոր խորհուրդ. լուսանկարներ
Օգոսոտոսի 23-ին, հավարտ ժամերգության, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ընդհանուր անդամական ժողովը։ Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ Վարդապետ Փիլավչյանի օրհնության խոսքից հետո, ելույթ ունեցավ ծխական խորհրդի ատենապետ Տիգրան Աբրահամյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ինչպես նաեւ ծխական խորհրդի անդամներին համատեղ աշխատանքի համար։ Ատենապետը բարձր գնահատեց Հայր Բարսեղի կողմից անցած տարիներին իրականացրած գործունեությունը, ինչի շնորհիվ այսօր հայ համայնքն ունի եկեղեցի, իրականցնում է հոգեւոր գործունեություն։ Նա հաջողություն մաղթեց նոր ընտրվելիք խորհրդին՝ մաղթելով ավելի ակտիվ գործունեություն։
Հայր Բարսեղն իր ելույթում ներկայացրեց 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը, շնորհակալություն հայտնեց գործարար Աղասի Զավարյանին, ով վերջին տարիներին հոգում է հայր սուրբի աշխատավարձի հարցը, ինչպես նաեւ գործարար Արմեն Անանիկյանին, ով եկեղեցականի համար ծանր օրերին աջակցել է հոգեւոր հովիվին։ Այնուհետեւ մանրամասն ներկայացվեց թե որքան գումար է հավաքվել մեկ տարվա ընթացքում, որքան է ծախսվել եւ ինչ նպատակով։ Հոգեւոր հոր հաշվետվության հաստատումը ներկայացրեց Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Աշոտ Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր բարերաներին, միաժամանակ նշելով, որ շատ վատ են վճարում անդամավճարները։ Մինչդեռ անդամության համար տարեկան պետք է վճարել ընդամենը 600 կրոն։
Հայր Բարսեղը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի այլեւս նախկին անդամներին՝ Տիգրան Աբրահամյանին, Հակոբ Ասատրյանին, Արմեն Քոլոյանին, Սամվել Սարգսյանին, Աշոտ Հովսեփյանին, Տիգրան Սահակյանին, համատեղ աշխատանքի համար։
Այնուհետեւ Հայր Բարսեղի առաջարկով տեղի ունեցավ նոր ծխական խորհրդի ընտրությունը։ Ընդհանուր ժողովին ներկա 32 անդամների ձայների ճնշող մեծամասնության դրական քվեարկությամբ ծխական խորհրդի նոր անդամներ ընտրվեցին՝ Աղասի Զավարյանը, Արմեն Անանիկյանը, Բագրատ Վերդյանը, Աշոտ Պետրոսյանը, Արսեն Սարգսյանը/Յիհլավա/, Նարեկ Չարչյանը։ Հայրս Բարսեղը կանոնադրության համաձայն համարվում է խորհրդի նախագահը։ Նոր ատենապետը կընտրվի հաջորդ ժողովի ընթացքում։
Ընտրվեց նաեւ Վերստուգիչ հանձնաժողով, որի կազմում են Պարգեւ Վիրաբյանը, Վազգեն Բոյաջյանը եւ Խաչիկ Դավթյանը։ Հայր Բարսեղի առաջարկով Տիգրան Աբրահամյանին առաջարկվեց լինել խորհրդի պատվո անդամ։
Ներկաներին նաեւ տեղեկացվեց, որ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցը ցանկանում է հանգանակություն կազմակերպել ՝ Բեյրութի հայկական դպրոցների օգնության համար, ինչպես նաեւ շարունակվում է հանգանակությունը՝ Պրահայում Ֆրանց Վերֆելին նվիրված հուշարձան կառուցելու հիմնադրամի համար։
Կարծիքներ