Բուլղարիայում զենքի գործարանի պահեստ է հրդեհվել
Բուլղարիայի Լյասկովեց քաղաքում հրդեհվել է «Արկուս» զենքի գործարանի պահեստը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բուլղարիայի ազգային ռադիոյին:
Հրդեհի ազդանշանը ստացվել է մոտավորապես 12:40-ին (Երևանի ժամանակով 13:40-ին): «Մարդիկ տարհանվել են, ոչ ոք չի տուժել, ոչինչ չի սպառնում Լյասկովեց քաղաքին և հարակից գյուղերին, ինչպես նաև շրջակա միջավայրին»,-ասել է գործարանի գործադիր տնօրեն Բանկո Բանկովը:
Հաղորդվում է, որ հրդեհը տեղի է ունեցել զենքից և զինամթերքից հեռու, ուստի պայթյունների վտանգ չկա:
Հրդեհը Լյասկովեցում տեղի է ունեցել նույն օրը, երբ Բուլղարիայի դատախազությունը հայտարարել է, որ Ռուսաստանի 6 քաղաքացի կասկածվում են 2011, 2015 և 2020 թվականներին Բուլղարիայում գործարանների ու ռազմական պահեստների պայթյունների համար:
Ինչպես չորեքշաբթի նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սոֆիան, հայտարարելով Բուլղարիայի պահեստների պայթյուններին Մոսկվայի մասնակցության մասին, որոշել է գերազանցել չեխերին: Անդրադառնալով Բուլղարիայի պնդումներին, Լավրովը նշել է. որ Ռուսաստանը կարող է մեղադրվել նաև 1914 թվականին արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանության համար:
Կարծիքներ