Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով
Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել:
Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նա մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել՝ երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն:
Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հանդիպումից հետո մեկնաբանել է Հովհաննիսյանի մեկնարկը Եվրոպայի առաջնությունում. «Մենամարտը շարունակվում է մինչև վերջին վայրկյանը: Հովհաննիսյանը գերազանց գործեց երկու ռաունդի և երրորդ ռաունդի 2 րոպե 50 վայրկյանի ընթացքում: Վերջին վայրկյանների ընթացքում ինքն իր համար դժվարություններ ստեղծեց: Մինչև վերջին վայրկյանը պետք է ուշադիր լինել: Ամեն դեպքում շատ կարևոր հաղթանակ էր, ինչի համար ուրախ ենք: Հովհաննիսյանը երկար ժամանակ է՝ մեծ ռինգ դուրս չէր եկել»:
Ռաֆայել Հովհաննիսյանի խոսքով՝ ոգևորությունը շատ մեծ է, քանի որ հանդես են գալիս սեփական հարկի ներքո: «Երբեմն այդ ոգևորությունը խանգարում է, ու անում եմ բաներ, որ սխալ է: Երևի փորձի պակասից է: Ամեն դեպքում հաջորդ մենամարտերում կփորձեմ ավելի զգոն լինել»,-ասել է նա:
Երեկոյան մրցահերթում Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: Ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը՝ մենամարտելով հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:
Երևանում ընթացող ԵԱ-ում այսօր ռինգ է դուրս եկել նաև հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ալավերդյանը, որը հանդես է գալիս Իսրայելի դրոշի ներքո: Ալավերդյանը 1/16 եզրափակչում ուժերն է չափել Հունաստանի ներկայացուցչի հետ և հաղթանակ տարել:
Այսօր կայացած մենամարտերի արդյունքում իր առաջիկա մրցակցին է իմացել նաև Հայաստանի հավաքականի անդամ, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Սալվադոր Մոլինայի հետ: Այդ մենամարտը կկայանա մայիսի 27-ին: Հաղթանակի դեպքում Արթուր Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
Կարծիքներ