Պատրաստվում են. ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը. Ամսաթիվ է նշվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, առկա ճգնաժամային վիճակի լուծման հետ կապված, տարբեր փորձագիտական շրջանակներ և քաղաքական ուժեր խոսում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Արմատական ընդդիմությունն էլ գտնում է, որ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց ոչ հիմա ու ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները շատ լուրջ քայլեր են իրականացնում սեփական թիմում այս հարցի հետ կապված հստակեցումներ մտցնելու համար (ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, փաշինյանական թիմի ներսում զգալի թիվ են կազմում նրանք, որոնք դեմ են արտահերթ ընտրություններին)։
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով, տրվել է կոնկրետ հանձնարարական՝ «ամեն դեպքում» պատրաստ լինել ցանկացած իրադարձության, այդ թվում՝ ընտրությունների:
Դրա համար պետք է աշխատեն ոչ միայն պետական կառույցների ղեկավարների, գործարար աշխարհի, այլև տեղի «հեղինակությունների» հետ, որոնք «մասնագիտացած» են ձայն բերելու հարցում։
Ի դեպ, երեկ օրվա վերջին կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի հրաժարական ներկայացնել մինչև մարտի 23-ը (որոշ տեղեկություններով՝ այսօր կամ վաղը, եթե արտառոց որևէ իրադարձություն տեղի չունենա), և, ըստ այդմ, մայիսին անցկացնել արտահերթ ընտրություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ