Ծեծկռտուք Սևանի նախկին դատարանի շենքում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի դեպքը։
Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Աբովյան բժշկական կենտոնից, որ «դեմքի, պարանոցի շրջանի ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա Ալբերտ Ս․-ն։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ «աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Ռոբերտ Չարախչյանը։ Վերջիններս, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություններ տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 22։00-ից 22։30-ն ընկած ժամանակահատվածում Սևան քաղաքի Խաղաղության փողոցում գտնվող նախկին Սևանի դատարանի շենքի 2-րդ հարում գտնվող սենյակներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Արդեն Գեղարքունիքի մարզի ոստիկանները վստահ լինելով, թե ովքեր են եղել ծեծկռտուքի մասնակիցները, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվել է, որ մասնակիցները եղել են Երևանի բնակիչ 38-ամյա Ռաֆայել Ք․-ն, նրա ընկերներ՝ Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Աշոտ Խ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Էդգար Գ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ս․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Գևորգ Մ․-ն։
Վերջիններս միասին գտնվելով Սևանի նախկին դատարանի շենքում, որը Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռաֆայել Ք․-ի կողմից անհատույց օգագործվում է, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունենում, որն այնուհետև վերածվում է ծեծկռտուքի նշված անձանց և ոմն Գևորգի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Գևորգ Մ․-ն հարևան սենյակից վերցնում է 16 տ/չ 1 փողանի որսորդական հրացանը, որպեսզի ծեծկռտուքը կանխի։ Սակայն այդ պահին քաշքշուկը շարունակվել է, ինչի հետևանքով 1 անգամ նշված հրացանից կրակոց է արձակվել, ինչից հետո ոմն Գևորգը իր ընկերների հետ միասին, Գևորգ Մ․-ի ձեռքից վերցնելով հրացանը, հեռանում են նշված վայրից։
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերում են 1 հատ 16 տ/չ որսորդական հրացանի փամփուշի կրակված պարկուճ, 3 հատ կապարե իրանով կլորավուն տեսքով գնդակ, 2 հատ թաղիքե իրանով մրուրոտ կտոր և արնանման հետքեր։
Ոստիկանների և քննիչների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռաֆայել Ք-ն, Գևորգ Մ․-ն, Հարություն Ս․-ն և Աշոտ Խ․-ն ներկայացել են վարույթ իրականացնող մարմին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդսիացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ