«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարի հետ

«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարի հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին։

«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շրջանակներում 2021թ. հուլիսի 20-23-ը Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում նկարահանվել է «Օզոնը մեր կյանքում» խորագրով 5 կարճամետրաժ ֆիլմ։

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում նախաձեռնության հաղթող է ճանաչվել Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի թիմը:

Ողջունելով աշակերտներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է էկոլոգիական կրթության ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը:
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, ՄԱԱԶԿ Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում իրականացված աշխատանքները, խոսել ֆիլմերի ստեղծման մասին։ Տիկին Ղահրամանյանը տեղեկացրել է, որ ամառային դպրոցի 30 մասնակիցներ նախապես մասնակցել են 2021 թվականի մայիսին Հանրապետության 240 դպրոցների համար կազմակերպված թեմատիկ վեբինարներին: Երեխաները ձեռք են բերել ֆիլմեր պատրաստելու հմտություններ, որոնք հետագայում կարող են կիրառել իրենց գործունեության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հաղթող ֆիլմի դիտում, ապա աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նախարար Պետրոսյանին։ 

Նրանք հետաքրքրվել են պլաստիկի օգտագործման կրճատմանն ուղղված պետական քաղաքականությամբ։
Նախարարը աշակերտներին տեղեկացրել է այդ ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին․ 2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
Աշակերտները հետաքրքրվել են նաև հանրակրթական դպրոցներում բնագիտական լաբորատորիաների առկայության խնդրով։

Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրապետության դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածությամբ բնագիտական լաբորատորիաների առկայության հարցը, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում․ 5 տարվա ընթացում բոլոր դպրոցներում պետք է լինեն գեղեցիկ կահավորված և նորագույն տեխնիկայով հագեցած ուսումնական լաբորատորիաներ։

«Շրջակա միջավայրի արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում պետք է օր առաջ ունենալ երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու նորարար հայացքների տեր՝ կաղապարներից դուրս մտածող մասնագետներ։ Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատում և ենթակա ստորաբաժանումներում մշտապես կարիք ունենք բնապահպանական ոլորտում մասնագիտացած երիտասարդների։ Ուստի ուրախ կլինեմ, որ դուք ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս նախապատվությունը տաք բնագիտական ուղղվածությանը։ Եվ՛ ազգային, և՛ միջազգային մակարդակում բնապահպանության ոլորտում մենք ահռելի անելիք ունենք՝ սկսած օզոնային շերտի պահպանումից, վերջացրած անտառվերականգնման ու ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումից։
Բնապահպանութունը սահմաններ չի ճանաչում։ Ձեր գիտելիքներով ու հմտություններով համալրեք մեր շարքերը, դրսևորեք բնապահպանամետ վարք և դարձեք այդ վարքը քարոզող սուրհանդակներ ձեր շրջապատում, ձեր համայնքում ու մեր երկրում»,- նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարարը Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի գրադարանին է նվիրել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը պետության և յուրաքանչյուր ոլորտի կայացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երիտասարդներին՝ շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում իրենց հնարավորություններն իրացնելու հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում