Ես ասել եմ՝ չճշտված տվյալների համաձայն կա 15 զոհ. հետագայում ՊՆ-ն ճշտված թվերը կհրապարակի. Աղաջանյան
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց, թե օրեր առաջ ինչու էր նշել, թե նոյեմբերի 16-ին արևելյան հատվածում սկսված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ:
«Ես, երբ հայտարարել եմ 15 զոհ, մի քանի անգամ հատուկ նշել եմ, ոչ չճշտված տվյալների համաձայն այս պահին կա 15 զոհ, հետագայում ՊՆ-ն ճշտված թվերը կհրապարակի»,-ասաց իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» եթերում հայտնեց, որ դեռևս չհաստատված տվյալներով` հայկական կողմը 15 զոհ ունի:
«Մեր տվյալներով բավական մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը», - ասել էր նա։
Նշենք, որ ՊՆ-ի տվյալներով նոյեմբերի 16-ին արևելյան հատվածում սկսված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 6 զոհ:
Կարծիքներ