Լաչինում ադրբեջանական անցակետի հարցով Հայաստանը 2-րդ անգամ է դիմել ՄԱԿ արդարադատության դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում ադրբեջանակն կողմից անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմել ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Հաագայից՝ մինչև հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:
«Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,– հայտնեցին գրասենյակից:
Հիշեցնենք՝ Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ դատարանի միջանկյալ որոշումները, այլև անտեսում է ՄԻԵԴ վճիռները:
Այդ փաստը հայկական կողմը ներկայացրել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:
Կարծիքներ