Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Պեսկովը հնարավոր է համարում տեսանելի ապագայում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը

Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում», - ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»:

«Չնայած, ինչպես երեկ ասվեց հանդիպմանը, այժմ հանգամանքները շատ առումներով փոխվել են, և, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման», - ասել է Պեսկովը։

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում