Կպարզեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար իրականացվող վարչարարությունը

Կպարզեցվի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար իրականացվող վարչարարությունը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոնակարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

Արդյունքում կհստակեցվեն նաև քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։

Մասնավորապես, սահմանվել է, որ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը դիմում է անձամբ, լրացնում դիմում-հարցաթերթ, որի ձևը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկը ևս հաստատվում են սույն նախագծով։

Բացի դրանից՝ փոփոխվել են նաև պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը և վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։

Պարզեցվել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձևերը, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է, և պրակտիկայում որևէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ և խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում