Sriwijaya ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը ենթադրաբար օվկիանոսն է ընկել թռիչքից անմիջապես հետո
Ինդոնեզական Sriwijaya ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը ենթադրաբար ընկել է օվկիանոսը Ջակարտայի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո:
Boeing 737-500-ը, որում եղել է 56 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, Ջակարտայից Պոնտիանակ էր մեկնում, հայտնում է AAP-ը: Օդանավի հետ կապը կորել է թռիչքից անմիջապես հետո, իսկ թռիչքի ռադարը ցույց է տալիս, որ այն բարձրություն է հավաքում, ապա անհետանում է: Իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռի հետ կապ չեն ունեցել տեղական ժամանակով ժամը 14:40-ից:
SJ182 չվերթը Սուկարնո Հատա օդանավակայանից թռել էր ժամը 14:14-ին եւ պետք է Պոնտիանակ ժամաներ 15:30-ին:
Ինքնաթիռում գտնվող 56 ուղեւորներից 46-ը մեծահասակ են, յոթը` երեխա եւ երեքը` նորածին: Անձնակազմը բաղկացած էր երկու օդաչուից եւ չորս բորտուղեկցորդուհուց:
Իշխանությունները կարծում են, որ այն ընկել է օվկիանոսը Ջակարտայի ափերի մոտակայքում:
Flightradar 24-ը պնդում է, որ ինքնաթիռն ավելի քան 10,000 ֆուտ բարձրություն է կորցրել մեկ րոպեի ընթացքում Ջակարտայից մեկնելուց մոտ չորս րոպե անց:
Հաղորդվում է, որ ինդոնեզացի ձկնորսներն իշխանություններին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է օդանավը սուզվում օվկիանոսի մեջ եւ լուսանկարել են չարաբաստիկ ինքնաթիռի բեկորները:
Կարծիքներ