Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:
Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածում առկա հայտնի նկարիչների դեռևս չցուցադրված աշխատանքները: Ցուցադրության 2 սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական և գեղարվեստական աշխատանքներ: Մոսկովյան հանրությանը Երևանի Ռուսական արվեստի թանգարանը ներկայանում է այնպիսի հայտնի անուներով, ինչպիսիք են Կ. Կորովինը, Բ. Գրիգորիևը, Վ. Սերովը, Ն. Ռերիխը:
Ցուցահանդեսի շրջանակում երկու թանգարանների աշխատանքային համագործակցությամբ հրատարակվել է նաև պատկերագիրք, որը գիտահետազոտական աշխատանքի կարևոր արդյունք է:
Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։ Մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին: Արդյունքում՝ 1984 թ․ Երևանում պաշտոնապես այցելուների առջև իր դռներն է բացում «Պրոֆ․ Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։
Կարծիքներ