Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:
Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա խոսքով՝ Հայաստանում օրեցօր ավելի շատ երիտասարդներ են սովորում չինարեն և ուսումնասիրում հնագույն քաղաքակրթություն ունեցող չին ժողովրդի յուրահատուկ և հարուստ մշակույթը: Երկու երկրների միջև կրթական և մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է հատկապես Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարությունը՝ տեղեկացնելով, որ այն հաջողությամբ իր գործունեությունն է ծավալում Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանում նաև գործում է Հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ մեծ թվով հայ աշակերտներ խորացված կերպով չինարեն են ուսումնասիրում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է չինական կողմի հետ ծրագրային փոխհամագործակցության հնարավորությունը՝ բուհ-դպրոց երկխոսության զարգացման համար՝ նպաստելով ՀՀ բուհերում չինարենի մանկավարժական որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը: Ընդգծվել է, որ Չինաստանի փորձի կիրառմամբ հնարավոր կլինի ՀՀ բուհերում մշակել կրթական ծրագրեր և կիրառել դասավանդման նոր մեթոդաբանություն ու ձևաչափ, իսկ վերապատրաստման ծրագրերը կլինեն թիրախային:
Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի հետ հատկապես կրթության ոլորտում համագործակցության մեծ ներուժը և փոխանցել չինական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը:
Մասնավորապես, քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Չեն Լուի խոսքով՝ չինական կողմը հետաքրքրված է համագործակցելու «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնության շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով չինական կողմի պատրաստակամությունը, ընդգծել է՝ «Ակադեմիական քաղաքը» ՀՀ կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Նրա խոսքով՝ կառավարության այս ծրագիրը հնարավորություն է նաև միջպետական բուհերի ընդլայնման և հետագա զարգացման համար:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նախորդ տարի հաստատված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին՝ որպես ռազմավարական հիմնական փաստաթուղթ: Ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է հավակնոտ թիրախներն ու առանձին գործողություններ, որոնք միտված են միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ