«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են հինգով

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են հինգով

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կազմակերպած մրցույթում հաղթած 15 երեխաներ 2021-2022թթ. կրթաթոշակառուներ: Հիմնադրամը նրանց կհանձնի տարեկան անվանական կրթաթոշակի վկայականներ, յուրաքանչյուր ամիս նրանց կփոխանցվի սահմանված կրթաթոշակը:

Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ կրթաթոշակի սահմանված տեղերը նախորդ 10-ի փոխարեն 15-ն են դարձել, ինչն ավելի շատ տաղանդավոր պատանի երաժիշտների է հնարավորություն տալիս հմտանալ իրենց մասնագիտության մեջ:

«Ֆինանսական աջակցությունից զատ, հիմնադրամը հնարավորություն է ընձեռում պատանի երաժիշտներին կրթվել, զարգանալ իրենց մասնագիտության մեջ, նրանց համար վարպետության դասեր են անցկացում եւ Հայաստանում, և արտերկրում, կազմակերպում համերգներ նրանց մասնակցությամբ:  Այսպիսին է առաքելությունը, որն իրականացնելու համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել ենք այս հիմնադրամը»,- նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Հիմնադրամի 2020-2021թթ. տաս կրթաթոշակառուներ սեպտեմբերի 4-23-ը Դուբայում մասնակցել են InClassica  միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված Մերձավոր Արևելքի դասական երաժշտության վարպետության դասերին, հանդես են եկել իրենց կատարումներով:

Նրանց համար վարպետության դասեր են անցկացրել ջութակահարներ Պավել Վերնիկովը, Բորիս Կուշնիրը, Դանիել Հոփը, Սերգեյ Դոգադինը, Հայկ Ղազազյանը, Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Ջուլիանո Մազոկանտեն, Հեյ-Յանգ Քիմը, Ստեփան Սիմոնյանը, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ֆագոտահարներ Ռիչարդ Պալեյը, Անդրեյ Շամիդանովը, տրոմբոնահարներ Նատալ Բիկովը, Վասիլի Կոզլովը, շեփորահար Վլադիսլավ Լավրիկը, հոբոյահարներ Լիոր Միշելը, Պավել Օրլովը, գալարափողահարներ Հագայի Շալոմը,  Վադիմ Շվեդչիկովը, կլարնետահար Սերգեյ Ելեցկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը և այլք:

Հիմնադրամը միջազգային համբավ ունեցող այս մասնագետների հետ նաև Հայաստանում դասընթացներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերել, որոնք հասու կդառնան արդեն նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նոր անդամների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում