Ատոմային էներգետիկան որպես Հայաստանի էներգետիկ անկախության երաշխիք. ՏԿԵ նախարարը մասնակցել է ԱԷՄԳ համաժողովին

Ատոմային էներգետիկան որպես Հայաստանի էներգետիկ անկախության երաշխիք. ՏԿԵ նախարարը մասնակցել է ԱԷՄԳ համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վիեննայում սեպտեմբերի 20-25-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի շրջանակներում պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են մշակվող վառելիքի և ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքի անվտանգությանը։

 

Նախարարը նշել է, որ 2021 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը), որում ընդգծված է ատոմային էներգետիկայի դերը որպես Հայաստանի էներգետիկ անկախության երաշխիք։

 

Ծրագրով սահմանվում են 2040 թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։

 

Նախարարը նշել է նաև, որ ռազմավարության հիմնական նպատակներից է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը։

Գնել Սանոսյանը երախտագիտություն է հայտնել ԱԷՄԳ անդամ երկրների համագործակցության և փորձի փոխանակման նպատակով ապաքաղաքական հարթակ տրամադրելու համար։ Նախարարը բարձր է գնահատել կազմակերպության դերը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի կիրառման տեսանկյունից որպես հեղինակավոր, անկախ, օբյեկտիվ, փորձագիտական մարմին։

 

ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարվա ամփոփիչ և կարևոր իրադարձությունն է: Նստաշրջանի ընթացքում քննարկվում են ատոմային էներգետիկայի բնագավառում նոր զարգացումները և իրադարձությունները, ինչպես նաև միջուկային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և դրանց անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց:

 

1993 թ.-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիիրավ անդամ: Կազմակերպությանը անդամակցում է 171 երկիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում