Թուրքիան կտրականապես թույլ չի տա իր հարավային սահմանների երկայնքով «ահաբեկչական կազմակերպության» ստեղծումը. Էրդողան
Թուրքիան կտրականապես թույլ չի տա իր հարավային սահմանների երկայնքով «ահաբեկչական կազմակերպության» ստեղծումը՝ որևէ պատրվակով կամ պատճառով։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցությունների գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում՝ Ստամբուլում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անվտանգության հարցերով հանդիպման արդյունքներով։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ։
«Մենք հստակ նշում ենք, որ Թուրքիայի Հանրապետությունը վճռականորեն շարունակում է պայքարել ահաբեկչական PKK/YPG/KCK կազմակերպության և նրա աջակիցների դեմ՝ որպես նրա գոյությանը սպառնացող վտանգները կանխելու և վերացնելու ռազմավարության մի մաս։ Ստոր ահաբեկչությունից հետո սկսված գործողության շրջանակներում, ընդհանուր առմամբ, վնասազերծվել է 45 գրոհային, որից 36-ը՝ Հյուսիսային Իրաքում, 9-ը՝ Սիրիայի հյուսիսում։ Այս պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը, և Իրաքում և Սիրիայում ահաբեկչական ճահիճներն ամբողջությամբ ցամաքեցվեն»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ահաբեկչական կազմակերպության վերականգնման և վերակենդանացման փորձերը նոր թափ են ստանում։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ԱԳ, ՆԳՆ, Ազգային պաշտպանության նախարարները, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Կարծիքներ